ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ կքննարկի Իրանը կրկին ռմբակոծելու հնարավորությունը, եթե Թեհրանն ուրանը հարստացնի մինչև «տագնապալի» մակարդակի։ Թրամփը հավելել է, որ կցանկանար տեսնել, թե ինչպես են Միջազգային ատոմային էներգիայի գործակալության կամ այլ հեղինակավոր աղբյուրի տեսուչները ստուգում Իրանի միջուկային օբյեկտներն անցյալ շաբաթավերջին դրանց ռմբակոծությունից հետո։               
 

Պատգամներ Հին Հռոմից (օվալաձև հուշագիր)

Պատգամներ Հին Հռոմից (օվալաձև հուշագիր)
31.05.2012 | 12:56

«Մեր շուրջբոլոր օրենքներն են թափառում` հրեղեն, ոսկեկուռ. խաղաղության, հուշերի, օրհնության, օրենքը ընդունելու և օրենքը չընդունելու օրենքներ:
Մեզ հրամցնում են քամու և արևի միջոցով»։


Սվետլանա ՀԱԿՈԲՅԱՆ
նկարիչ և բանաստեղծ

131 ԱԼ ԿԱՐՄԻՐ ՎԱՐԴ
(նախավարժանք-հաճոյանք)
Ինչ էր պատգամում հայտնի մուլտի խեղճուկրակ կատու Լեոպոլդը առյուծ կտրած մկներին` եկեք հաշտ ապրենք:
Լեոպոլդի դերում, այս պարագայում, նորընտիր-ազգընտիրներն են, այսինքն` երեսփոխանները, որոնց «Լճերից» ջերմագին ողջույններ ենք հղում ու մղում ստեղծարար աշխատանքի: Սույնն արժանավորվում է 131 ալ կարմիր վարդերով, յուրաքանչյուրին` մեկական: Գործարար երեսփոխաններին առաջարկում եմ վարդը նվիրել հարակից-դրացուն, հետևյալ առաջնահերթությամբ. ա) գործընկերներիս` Նաիրա Զոհրաբյանին և Մարգարիտ Եսայանին, այնուհետև բոլոր տիկնանց փափկասուն, որ օծվել են երեսփոխանուհի, բ) յուրաքանչյուր կուսակցություն մեկական վարդ է առանձնացնում (ՀԱԿ-ը նույնպես) և նվիրաբերում մեր նորագույն պատմության գերագույն զարմանք-զարհուրանքին, այո, այո, տիար Ալեքսանյան Սամվելին, ով կործանեց Մամոնայի շղթաները և մեկ գիշերում մենաշնորհատեր-կապիտալիստից վերածվեց ՀՀ ազնվաբարո-շարքային քաղաքացու: Կեցցե՛ս:
(«Լճիցլճյան» հետախուզությունը տեղեկացնում է, որ տիար Ալեքսանյանի բջջայինը երաժշտական նոր ազդականչ ունի` «Ինտերնացիոնալը»): Վերջապես, գ) հաղթող կողմը` ՀՀԿ-ն, որպես քաղաքական մխիթարության առհավատչյա, յուր վարդերը մայիսյան հունիսի 1-ին նվիրում է ՀԱԿ-ին: Ի դեպ, քաղտրամաբանությունը հուշում է, որ քաղաքացի Ալեքսանյանը պիտի անդամագրվի ՀՅԴ-ին, համաձայն Սոցինտերնի բարոյականի, տեսլականի, և կատարի համապատասխան մուծումներ` անդամավճարի տեսքով: Հասկանալի է` պատգամավորական աշխատավարձից:
Իսկ այժմ մի քանի զվարթ դիտարկումներ:

Ո՞Վ ԾՆԵՑ ԿԱԼԻԳՈՒԼԱՅԻՆ
(վաղամառային կարկտահարություն)
Հին Հռոմ. ի՞նչ է մտապատկերվում այս անվան հնչյունով: Այո, այո, բարձրագույն ժողովրդավարությունը և վայրագ օրգիաները: Սենատն ու քաղաքացիները` մի կողմից, կայսրերն ու գլադիատորական նախճիրը` մյուս կողմից: Հանրապետությունն ու միապետությունը: Սպարտակն ու Ներոնը: Եվ վիթխարի տիրակալության պորտապարը եգիպտական մեծն պոռնկուհու առջև:
Ճիշտ հինգ դար Հռոմը ժողովրդավարական Հանրապետություն էր, ուղիղ հինգ հարյուր տարի` հակաժողովրդավարական բռնապետություն: Հին Հռոմում, այսինքն` հանրապետությունում, անխտիր բոլոր պաշտոնատարները, այդ թվում նաև` պետության նեցուկ կոնսուլները, ներկայանում էին ծրագրերով և պարտավորվում դույզն-ինչ չշեղվել դրանցից:

Այս ամենը կարծես ծանոթ է: Անգամ հարազատ: Եվ ահա «լճիցլճյան» վերլուծաբանները համոզված են` եթե նախընտրական խոստում-շռայլումների գեթ 25 տոկոսն էլ իրականանա, մենք կվերածնվենք: Եվ կվերածվենք Հին Հռոմի կրկնությանը 21-րդ դարում: Այո՛:

Սակայն ի՞նչն է էականը: Պաշտոնավարության ժամանակն ավարտված է: Կոնսուլներն ու սենատորները, համաձայն Հռոմեական Հանրապետության օրենսդրության, դատի էին տրվում Ժողովրդական ժողովի առջև: Քննվում էր նրանց յուրաքանչյուր արարք: ՈՒ եթե ապացուցվում էր նրանց անբասիր ազնվությունը, նոր միայն կոնսուլներն ու այլք թեթևացած սրտով սեղան էին նստում և ըմպում ջրախառն գինի, ճաշակում շուկայից գնված միրգ ու հատապտուղ: (Նաև հաց ու պանիր): Դե, եկեք պատկերացնենք, թե ինչ որակ ու քանակ կունենա հետևյալ դատավարությունը: Մեծամասնականով ընտրատարածքը ծնկի բերած մականունակիրը ներկայանում է գրավյալ տարածքի բնակչությանն ու հատ-հատ ներկայացնում արածն ու չարածը: Ընտրազանգվածը համլետյան, ավելի ճշգրիտ` դոնքիշոտյան խնդրի առջև է կանգնում` մականունակրի արա՞ծն էր ավելի վտանգավոր պետության և հանրության համար, թե՞ չարածը: Անշուշտ, այս գերանհավանական երազը հետևյալ ավարտը կունենար. մականունակիրը (և ոչ միայն նա), ներկայանալով հանրության դատին, կզարդարվեր քրեական օրենսգրքի 1825 հոդվածով: Ինչո՞ւ 1825: Շատ պարզ, սա հինգ պատգամավորական տարիների հանրագումարն է օրերի չափաքանակով:
Սակայն թողնենք անպտուղ երազանքները: Դրանք ոչ միայն անհույս են, այլև հղի ծանրագույն հոգեխանգարմունքով` երազախաբությամբ:

Շառլ Լուի Մոնտեսքյոն` ֆրանսիացի նշանավոր լուսավորիչն ու փիլիսոփան (1689-1755 թթ.) իր «Մտորումներ հռոմեացիների մեծության և անկման պատճառների մասին» աշխատությունում պարզաբանում է` Նոր Հռոմի, այսինքն` կայսրերի շրջանի տիրակալության կործանման գլխավոր պատճառը հրաշունչ կաշառակերությունն էր և ինքնամոռաց զեխությունը: Նոր, բռնակալական Հռոմում տասնյակ օրենքներ և որոշումներ ընդունվեցին կաշառակերության դեմ: Սակայն դրանք կաշառակերության և կոռուպցիայի վրա զարմանահրաշ ազդեցություն էին գործում, վնասազերծելու փոխարեն «թռփոշացնում էին», ինչպես վարար անձրևը թունավոր սնկերը: Այո: Իսկ մի՞թե (օ՜, իմ 131 անմահական ճգնակյացներ) ձեզ անհայտ է, որ հանրապետական Հռոմում, ինչպես նաև Հին Հունաստանում, հնագույն Իրանում, բարեպաշտ արքաների երկիր Հայաստանում որևէ օրենք չի ընդունվել ընդդեմ կաշառակերության: Եվ ոչինչ, կաշառակերություն և գանձագողություն չեն եղել յուրյանց որևէ դրսևորույթով:
Դե, ձեզ տեսնեմ, վարդերը մի կողմ հրեք և աջներդ սրտներիդ հպելով` խոստովանեք` քանի՞ օրենք եք պատրաստվում ընդունելու ընդդեմ կոռուպցիայի (վասն հայրենյաց) և հակընդդեմ կաշառակերության (առա՛ջ, Հայաստան):
Եվ մահու չափ ինձ հետաքրքիր է, թե հարյուր տարի անց ի՞նչ կգրի մի ոմն նորաթուխ Մոնտեսքյո իր «Մտորումներ հայկական 3-րդ հանրապետության վեհության և անխոհեմության շուրջ» բազմահատորյակում:
Այսպիսով, ո՞վ ծնեց Կալիգուլային:

ՍՊԱՐՏԱԿԻ ՍՊԱՍՈՒՄՈՎ
(ի՜նչ անուշ է բալը բուրում)
Փարիսեցիները համոզված են, որ անգամ վատ օրենքը պիտի սրբորեն կատարել: Այնինչ վատ օրենքը յուրահատուկ ձգողականություն ունի, այն պիտի կա՛մ արհամարհել, կա՛մ շրջանցել: Հանրության վարչաքաղաքական և մենաշնորհային վերնակույտն արհամարհում է, մնացյալ 97,7 տոկոսը` շրջանցում: Իսկ լավ, կենսալից ու մնայուն օրենքներ գրեթե չեն ընդունվում: Չափն անցա՞: Ամենևին: Նշեք թեկուզ մի օրենք, որի անունն ու ասելիքը բերանացի գիտեք: Այնինչ անկախության քսան տարին արդեն անցյալ է անդարձ: Եվ հանրապետությունը պատանեկան հասակից թևակոխում է հասունության փուլ: Բնականաբար, անդարձ անցյալ պիտի համարել մեր պետականությունը տնամերձի վերածած «ժաժքերի» հեղինակների քսանամյա «թավշյա մղձավանջը»: Այո՜, այո՜, հենց էսպես, հատու և շռնդալից` թավշյա մղձավանջ, զի 3-րդ հանրապետությունը գոյատևում է Հին ու Նոր Հռոմների միջակայքում:
Իսկ միջակայքում պայքարն անվերջ չէ, և վաղ թե ուշ կա՛մ Կալիգուլայի ախոռում պիտի «զարգանանք», կա՛մ Սպարտակի արենայում բարգավաճենք: Այո՜:

Բնականաբար, մեզ մնում է մի քանի խորունկ, միաժամանակ թափանցիկ երթեր կատարել` ապագա վրաերթերից խուսափելու գերնպատակով:
Այսպես, գալիք օրենքները պիտի խստորեն համապատասխանեն մեր չեղածին և եղածին, թե չէ որոշ օրենքների ենթատեքստերում եզը ծննդաբերում է, և «փուչիկների հեղաշրջումը», կարծես, դառնում է անխուսափելի։ Այսպես, ընդունենք օրենք կոչումների, տիտղոսների և այլնի իսպառ վերացման մասին: Թե չէ գիտե՞ք ինչ, նվազագույնն անհեթեթ է, երբ մշակույթի, արվեստի, գիտության գործիչը մի կերպ գոյատևում է, մնալով կարոտ իր գրքի հրատարակմանը, նկարի վաճառքին կամ գյուտի ընդունմանը, բայց նրան բարոյահոգևոր նոկդաունի են ենթարկում` շնորհելով այս մեդալն ու այն կոչումը: Եվ ահա, Պատրիկյանի նման իր կիսաքաղց ու տաղտուկ օրը մթնեցնող մեդալակիրը նաև պարտադրված է սեղան գցելու և պատվելու չարակամ ու նախանձոտ հյուրերին: Որ ի՞նչ:
Կամ` ահավասիկ օրենք` հարկատուներիս բարոյական անձեռնմխելիության մասին: Թե չէ, ինչ է ստացվում: Միանգամայն պատշաճ սեռական կողմնորոշում ունեցող հարկատուներս կազմում ենք երկրի բնակչության ճնշող մասը, մեր հարկերից է գոյանում ոստիկանության աշխատավարձը: Բայց ահա մթնշաղից ի վեր պարտադրված ենք շրջանցելու քաղաքապետարանին մերձ զբոսայգին, ուր սեռական փոքրամասնության լրբապարն է, իսկ ոստիկանությունը հսկում է նրանց անձեռնմխելիությունը: Կարծես` հակառակը պիտի լիներ: Կամ` օրենք, որը առաջիկա քսան տարիներին կարգելեր նոր եկեղեցիների կառուցումը` բարերարների գումարներով վերականգնելով մեր հաշմված եկեղեցական հրաշքները:

Հին աշխարհի պատմությունը ահազանգում է. Նոր Հռոմի կիսախելագար տիրակալ Կալիգուլան սեփական նժույգը սենատոր կարգեց: Վստահաբար` մեծամասնականով: Բայց մենք մի ճշմարիտ ճանապարհ ունենք` դեպի բարեպաշտ արքաների երկիրը:


Վրեժ ԱՌԱՔԵԼՅԱՆ

Դիտվել է՝ 4514

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ